Անցնել բովանդակությանը

Եթե բռնության զոհ եք և Ձեզ անհրաժեշտ է օգնություն,

զանգահարեք +37410583399

Ի՞նչ է ընտանեկան բռնությունը և բռնության ի՞նչ այլ ձևեր կան:

Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձնաց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնաման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ընտանիքում բռնություն է օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:Ընտանիքում բռնության ենթարկված անձ է համարվում այն ֆիզիկական անձը, ով ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից։

Ընտանեկան բռնությունը կարող է կիրառվել ընտանիքի ցանկացած անդամի նկատմամբ ,սակայն հիմնականում դրա զոհ են դառնում կանայք։ Սովորաբար ընտանիքի անդամի կողմից բռնությունը կիրառվում է զուգընկերոջն իր ցանկությունը կամ կամքը կատարել պարտադրելու համար։ Ընտանեկան բռնությունը հաճախակի կրկնվող վարքագիծ է բռնարարի կողմից, որը կարող է ունենալ տարբեր դրսևորուներ՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական, ինչպես նաև արհամարհանքը ընտանիքի անդամի նկատմամբ։

Ֆիզիկական բռնությունը անմիջական և անօրինական ֆիզիկական ուժի կիրառում է, որը հանգեցնում է մարմնական վնասվածքների, ցավի կամ առողջական վիճակի վատթարացման: Բռնության դրսևորումներից են օրինակ ապտակը, հարվածը, հրելը, բռունցքով հարվածելը, ծեծը և այլն։ Ֆիզիկական բռնություն է նաև կանանց օգնության դիմելու թույլ չտալը՝ ուժի կիրառմամբ։

Սեռական բռնությունը սեռական անձեռնմխելիության դեմ բոլոր այն գործողություններն են, որոնք կատարվել են դիտավորյալ և առանց կնոջ կամքը հաշվի առնելու։ Սեռական բռնության օրինակներ են հարկադիր հղիացնելը, հղիության արհեստական հարկադիր ընդհատումը, ամուսնու հետ առանց համաձայնության սեռական գործողությունների իրականացումը։

Հոգեբանական բռնությունը դիտավորությամբ հոգեկան ուժեղ ցավ պատճառելն է։ Այդ բռնության թվում է տարբեր բնույթի սպառնալիքները, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անվտանգության մասին, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը։

Տնտեսական բռնությունը կարող է դրսևորվել անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելու կամ իշխելու նպատակով նրան գոյության նվազագույն միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելով, սեփականությանության իրավունքը սահմանափակելով, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելով։


Որտեղ օգնություն խնդրել, եթե ընտանեկան բռնության եք ենթարկվել.

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում Ձեզ օգնության կարող են հասնել՝

  • Ոստիկանությունը, որը կապահովի ձեր անվտանգությունը, գաղտնիությունը, ինչպես նաև անհետաձգելի միջամտություն կկիրառի բռնարարի նկատմամբ։ Ոստիկանություն կարող եք դիմել զանգահարելով 1-02 հեռախոսահամարով։

    • Հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բռնությունից տուժած կանանց իրավունքների պաշտպանությամբ․

      • Կանանց աջակցման կենտրոն, հեռախոս՝ 099 88 78 08

      • Կանանց իրավունքների կենտրոն, հեռախոս՝ 010 54 28 28, 043 01 02 92

      • «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ», Շիրակի մարզ, ք․ Գյումրի, հեռախոս՝ 077 570 580

      • Կանանց ռեսուրսային կենտրոն, հեռախոս՝ 099 887 808

      Հասարակական կազմակերպությունները Ձեզ կտրամադրեն անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ, սննդի և հիգիենայի պարագաների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կամ կացարան։


Հնարավորության դեպքում կարող եք անմիջապես դիմել բժշկական հաստատություններ, որտեղ Ձեզ կցուցաբերեն անհապաղ բժշկական օգնություն և կապ կհաստատեն իրավապահ մարմինների հետ։ Անհրաժեշտ է, որպեսզի դուք պահպանեք բռնության պահին Ձեր կրած հագուսները, որոնք հետագայում ապացուցողական հիմք կհանդիսանան իրավապահների համար։

Սեռական բռնության զոհ դառնալու դեպքում Ձեր առաջին կարևոր քայլերն են՝ դիմել ոստիկանություն, անցնել առաջնահերթ բուժզննում կամ դիմել վստահելի անձի, ով Ձեզ կաջակցի բռնությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում։ Կարող եք նաև դիմել հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական բռնությունից տուժած անձանց աջակցելով։ Հիշե՛ք՝ շատ կարևոր է դիմել աջակցության որքան հնարավոր է շուտ։

Սեռական բռնությունը անձի նկատմամբ սեռական բնույթի ցանկացած ձևի սեռական ակտ է կամ անձի սեռականության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որն իրականացվում է առանց անձի համաձայնության։ Այն կարող է ներառել ֆիզիկական ուժ, հարկադրանք, մանիպուլյացիա։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ սեռական բռնություն է համարովում սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է պատասխանատվության քրեական օրենսգրքով սահմանած կարգով և ժամկետում։

Սեռական բռնության սահմանման մասին խոսելիս կարևոր է անդրադառնալ դրա տարբերակման կարևոր բաղադրիչներից մեկին՝ «համաձայնությանը»։ Այսպես՝ ցանկացած սեռական հարաբերություն կամ դրա փորձը, որ կատարվել է մարդու կամքին հակառակ կամ այնպիսի հանգամանքներում, որոնցում տուժողը համաձայնություն չի տվել, սեռական բռնություն է : Կարևոր է, որ սեռական գործողության մեջ ներգրավված անձինք ունենան ընտրություն կատարելու ազատություն և կարողություն։ Ցանկացած պահի սեռական գործողության կողմերից մեկը կարող է փոխել իր որոշումը, իսկ նրան համոզելու, մանիպուլացնելու, հոգեբանական ճնշման հետևանքով ձեռք բերված համաձայնությունը ևս բռնություն կարող է համարվել։

Սեռական բռնության զոհ դառնալու դեպքում Ձեր առաջին կարևոր քայլերն են՝ դիմել ոստիկանություն, անցնել առաջնահերթ բուժզննում կամ դիմել վստահելի անձի, ով Ձեզ կաջակցի բռնությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում։ Կարող եք նաև դիմել հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական բռնությունից տուժած անձանց աջակցելով։

  • Բժշկական հաստատություն դիմելու դեպքում տուժողին տրամադրվում է՝

  • Առաջնային (անհետաձգելի) կամ նեղ մասնագիտացված բուժօգնություն,

  • հոգեսոցիալական խորհրդատվություն և աջակցություն,

  • ՄԻԱՎ-վարակի և հեպատիտ B-ի կանխարգելում,

  • հղիության առաջացման կանխում,,

  • ցավի ու այլ ախտաբանական դրսևորումների (ախտանիշների) կառավարում,

  • դատաբժշկական փորձագետի կողմից փորձաքննության իրականացում և իրեղեն ապացույցների հավաքագրում:

Բժշկական հաստատությունն իր հերթին պարտավոր է սեռական բռնության դեպքի մասին ծանուցել ոստիկանության տարածքային բաժանմունք։ Եթե ցանկանում եք իրավիճակը հաղթահարել հասարակական կազմակերպությունների միջոցով, կարող եք դիմել այն հասարակական կազմակերպություններին, որոնք բռնությունից տուժած անձանց տրամադրում են հոգեբանական, բժշկական, սոցիալական աջակցություն, տրամադրում են ժամանակավոր ապաստան։

Սեռական բռնության ճգնաժամանյին կենտրոն

Թեժ գծի հեռախոսահամար՝ 077 991 280

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին