Հղիության կանխարգելում
Ինչպե՞ս կարող եմ պաշտպանվել անցակալի հղիությունից․
Տարբերակում են երկու տեսակի պահպանակներ՝ կանացի և տղամարդու, սակայն ՀՀ-ում միայն առկա է տղամարդու պահպանակ:
Պահպանակի առավելությունները․
Ճիշտ օգտագործման դեպքում շատ արդյունավետ են
Պաշտպանում են սեռավարակներից
Չեն պահանջում բժշկի միջամտություն
Մատչելի են ու հասանելի
Օգտագործելը հեշտ է
Հիմնականում չունեն կողմնակի ազդեցություններ:
Ներարգանդային պարույրը (սպիրալ)
Ներարգանդային պարույրը (սպիրալ) արգանդի խոռոչում տեղադրվող փոքր պլաստիկ զսպանակ է, որը կարող է կանխել հղիությունը։ Այբ գրեթե 99%-ով արդյունավետ է։
Պարույրը տեղադրվում է բժշկի կողմից։
Առավելություններ`
Շատ արդյունավետ է հղիությունը կանխելու համար (99%)
Իրականացում է մեկանգամյա միջամտություն և առկա է երկարաժամկետ օգտագործելու հնարավորություն
Սեռական հարաբերությունից առաջ կամ ընթացքում որևէ գործողություն չի պահանջվում
Հարմար մեթոդ է կրծքով կերակրող կանանց համար, սակայն կրծքով կերակրման ընթացքում հորմոնային պարույր խորհուրդ չի տրվում, միայն կարելի է օգտագործել պարույրի պղնձե տարատեսակը
Պարույրը հեռացնելուց հետո պտղաբերությունն անմիջապես վերականգնվում է
Պարույրը հանդիսանում է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից ամենամատչելին, եթե օգտագործվում է մեկ տարուց երկար
Թերություններ`
Չի պաշպանում սեռավարակներից, այդ թվում ՄԻԱՎ-ից
Կարող է տեղադրվել միայն մասնագետ –գինեկոլոգի կողմից
Պղնձե պարույրը կարող է առաջ բերել առատ և ցավոտ դաշտանային արյունահոսություն
Հազվադեպ կարող է ներաճել արգանդի պատի մեջ
Հղիության կանխարգելիչ դեղեր
Հակաբեղմնավորիչ հաբերը կնոջ օրգանիզմում արտադրվող հորմոնների (էստրոգենի և պրոգեստերոնի) աննշան քանակություն պարունակող հաբեր են, որոնք կանխում են ձվաբջջի հասունացումը և անհնարին են դարձնում հղիությունը։
Կանանց մեծ մասը կարող է օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր առանց վտանգի։ Հաբերն ընդունելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի` պարզելու համար առողջական կարգավիճակը։ Կանայք չեն կարող օգտագործել հորմոնային մեթոդներ, եթե ունեն արյան բարձր ճնշում, սրտանոթային համակարգի խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում, միգրեն, ՄԻԱՎ, կրծքի քաղցկեղ և քաղցկեղի բարձր վտանգ կամ էլ 35 տարեկանից բարձր են և ծխում են։
Առավելություններ`
Շատ արդյունավետ են (92-99%),
Մեղմացնում են դաշտանային ցիկլի ցավը
Կարող են նվազեցնել դեմքի մաշկի բշտիկների քանակը
Նվազեցնում են դաշտանային արյունահոսության քանակը
Նվազեցնում են ձվարանների և արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Նվազեցնում են կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդությունների հավանականությունը
Չեն ազդում պտղաբերության վրա: Հաբերի ընդունումը դադարեցնելուց կարճ ժամանակ անց կինը կարող է հղիանալ
Թերություններ`
Օգտագործման առաջին ամիսների ընթացքում կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխացավ, քաշի աննշան ավելացում, կրծքագեղձերի ցավ
Չեն պաշպանում սեռավարակներից, այդ թվում նաև ՄԻԱՎ-ից
Կարող են առաջացնել սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ և նպաստել արյան մակարդելիության բարձրացմանը
Կարող են առաջացնել տրամադրության անկում
Պետք է ամեն օր մեկ հաբ ընդունել, սակայն առկա է հաբը մոռանալու վտանգը