Փոխնակ մայրություն
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են դառնալ փոխնակ մայր կամ օգտվել փոխնակ մայրության ծառայություններից։
Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:
Փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը։
Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի՝ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած, այն կանայք ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը։ Այս դեպքում ևս կինը պետք է անցնի պարտադիր բժշկագենետիկական հետազոտություն՝ փոխնակ մայր լինելու հակացուցումները բացառելու նպատակով։
Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`
առկա է հաստատված բժշկական որևէ հակացուցում կամ
նախկինում առնվազն 2 անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:
Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով: