Ի՞նչ անել եթե պարզել եք, որ հղի եք
Հղիության թեստի դրական պատասխան ստանալուց հետո, անհարժեշտ է դիմել ընտանեկան բժշկի կամ մասնավոր բժշկական կենտրոներ և անցնել հաշվառում։ Այնուհետև կնոջն ուղղորդում են գինեկոլոգի մոտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ անցնելու համար։ Հղիության ամբողջ ընթացքը և հետծննդաբերական շրջանը վերահսկվում է մանկաբարձ- գինեկոլոգի կողմից։ Խորհուրդ է տրվում դիմել բուժօգնության և լինել հսկողության տակ հղիության առաջին շաբաթներից սկսած։
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում։
Անվճար սպասարկում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ պետության երաշխավորած առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կնոջ ամուսնությունը գրանցված չէ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում, սակայն առկա են համապատասխան հիմքեր փաստացի (քաղաքացիական ամուսնության և Հայաստանում փաստացի բնակության վերաբերյալ), ծննդօգնության հետ կապված հիվանդանոցային բժշկական օգնությունը պետական պատվերի շրջանակներում կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների հիմնադիրների` Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի ուղեգրով կամ բժշկական կազմակերպության տնօրենի որոշմամբ:
Ինչպե՞ս է կազմակերպվում օտարերկրյա քաղաքացիների հղիության ընթացքի սպասարկումը․
Ծննդօգնության հետ կապված հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք։
Պետական պատվերի շրջանակներում կարող է իրականացվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայազգի բնակիչների համար ծննդաբերությունների, ինչպես նաև շտապ/անհետաձգելի մանկաբարձական ախտաբանությունների դեպքում բժշկական օգնություն:
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների նախածննդյան հսկողությունը և բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է տարածքային սկզբունքով` ըստ բնակության վայրի: Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված բժշկական օգնության ու սպասարկման հավասար իրավունքներից:
Հղիության ընթացքի սպասարկումը․
Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում` նաև ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:
Նորմալ ընթացող հղիության դեպքում հղին ունենում է առնվազն 8 այց (մեկ այց մինչև 12 շաբաթական ժամկետը, 2 այց` 2-րդ և 5 այց 3-րդ եռամսյակներում), իսկ հղիության ախտաբանությունների դեպքում (հիվանդանոցային հետազոտումից և բուժումից զատ)` ութ և ավելի այց` ըստ բժշկական ցուցումների:
Հղիներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցության, իրականացվում են ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքներ։
Պետական նպաստներ հղիների համար․
Ե՞րբ և ո՞ր դեպքում է տրվում մայրության նպաստ /աղբյուրը՝ Միասնական սոցիալական ծառայություն/
Վարձու աշխատողին և ինքնուրույն իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող մայրության նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։
Աշխատակիցների համար
Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունը.
Վարձու աշխատողներին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց հղիության և ծննդաբերության արձակուրդը տրվում է՝
140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:
Չաշխատող անձանց համար
Չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով և Կառավարության համապատասխան որոշմամբ։
Չաշխատող անձի հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով)։
Հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրացուցային օրվա դեպքում այն կազմում է 126645 դրամ, իսկ ծննդաբերության արձակուրդի 70 օրացուցային օրվա դեպքում՝ 63323 դրամ: