Անցնել բովանդակությանը

Սեռական ոտնձգություն


Ի՞նչ է սեռական ոտնձգությունը:

Սեռական ոտնձգությունն անցանկալի սեռական բնույթի վարքագիծ է, որը վիրավորում, նվաստացնում կամ վախեցնում է անձին: Այն ներառում է սեռական բնույթի առաջարկությունները, սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական ոտնձգություններն աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլ վայրերում։

Սեռական ոտնձգությունն ու սեռական բռնությունը տարբերվում են միմյանցից․

Սեռական բռնությունը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, իսկ այն կատարող անձը ենթակա է քրեական պատասխանատվության։ Սեռական բռնությունը առանց անձի համաձայնության սեռական բնույթի ցանկացած ձևի սեռական ակտ է կամ անձի սեռականության դեմ ուղղված ցանկացած գործողություն։

Սեռական ոտնձգությունը հանցագործություն չէ։ Այն հիմնականում ենթակա է քաղաքացիական կամ կարգապահական պատասխանատվության։


Սեռական ոտնձգություն աշխատավայրում

Սեռական ոտնձգությունը աշխատավայրում կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։

Սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ` գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում (ներառյալ` սեռական բնույթի առաջարկները, հպումները), և որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր:

Օրինակ՝ մասնագիտականն առաջխաղացման, աշխատավարձի բարձրացման կամ հավելավճար նշանակելու դիմաց ուղղակի կամ անուղղակի ձևով սեռական բնույթի գործողություններ պահանջելը։

Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ` անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:

Աշխատավայրում սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում Ձեր օգնության առաջնային օղակը Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն են կամ Ձեր վերադասները։

Եթե պատրաստ եք պայքարել Ձեր իրավունքների համար, դատարան դիմելը կօգնի վերականգնել Ձեր իրավունքներն ու արժանապատվությունը։ Սակայն կարևոր է ունենալ համապատասխան ապացուցներ՝ ոտնձգության դեպքը հիմնավորելու համար։ Այդպիսի ապացուցներ կարող են համարվել լուսանկարները, ձայնագրոությունները, տեսագրությունները, վկաների ցուցմուքները։

Այս կայքը քուքիներ է օգտագործում

կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ փոխելով Ձեր դիտարկիչի կարգավորումները:

Ավելին